Շունը հարձակվել է բնակիչների վրա. 5 անձ հիվանդանոցում է, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա, և կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։
Գյուղ են մեկնել փրկարարները, որպեսզի կարողանան հայտնաբերել ու վնասազերծել շանը։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ:
Շունը, որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։