Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա. Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա, Նյու Յորքում, ներկայացնելով ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով` գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։
«Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն»,- նշել է նա:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: