Գերմանիայի ԱԳ նախարարը խախտել է կանոնը, որի համար ինքն է պայքարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2005 թվականից «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության անդամ է։ Այս կուսակցությունը երկար տարիներ պայքարել է Գերմանիայի ամենամեծ՝ Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող օդանավակայանում գիշերային թռիչքներն արգելելու համար։ Նրանք իրենց նպատակին հասել են. 2011 թվականից 23:00-ից 05:00-ն այնտեղ թռիչքներն արգելված են:
Սակայն, ինչպես գրում է գերմական Bild թերթը, հունիսի 23-ին` Գերմանիա-Շվեյցարիա ֆուտբոլային խաղից հետո, որին Բերբոկը ներկա էր, ԱԳ նախարարը ժամը 23:54-ին Ֆրանկֆուրտից թռել է Լյուքսեմբուրգ, որտեղ հաջորդ օրը պետք է կայանար ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Կառավարական ինքնաթիռի շարժիչների ձայնը լսվել է քաղաքի ամբողջ հարավային հատվածում։
Հեսսենի իշխանությունները Bild-ին հայտնել են, որ իրենք նախապես թույլատրել են թռիչքը՝ խախտելով կանոնակարգերը՝ հանուն «հանրային շահի»:
Ավելին, Մայնի Ֆրանկֆուրտից Լյուքսեմբուրգ հեռավորությունը 184,36 կմ է. այս ճանապարհը կարելի էր արագ անցնել գնացքով: Նախկինում ինքը՝ Բերբոկը, կոչ էր անում բարձրացնել կարճ հեռավորությունների թռիչքների համար տուրքերը: