«Կատարյալ սուտ ու կեղծիք». Ռուսաստանից արձագանքել են ԱԽ քարտուղարին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Կատարյալ սուտ ու կեղծիք»։ Ռուսաստանի պաշտոնական շրջանակներն այսպես են բնորոշել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը վերցրել է Ղարաբաղը հայերի ձեռքից ու հանձնել Ադրբեջանին։
Անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունները կրկին սրել են հայ-ռուսական հարաբերությունները։ Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը նման հայտարարություն է արել և պնդել, որ հենց այդպես էլ եղել է։ Ինչպես և սպասելի էր, նման հայտարարությունից հետո Ռուսաստանից մի քանի հայտարարություն է հնչել։ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կատարյալ սուտ է անվանել Գրիգորյանի հայտարարությունները։
«Բացահայտ սուտ է»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք դեպքերում նա իր շեֆի մտքում ինչ կա կանխագուշակում կամ իր լեզվով հանրայնացնում է, տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- ասել է Զատուլինը, հավելել, որ Արցախը ոչ միայն պետք չէր Նիկոլ Փաշինյանին, այլև ներքաղաքական առումով վնասակար էր, ուստի նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների ետևից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ վիրավորական արտահայտություններ է արել Արմեն Գրիգորյանի հասցեին։ Հայտարարություններին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը՝ նշելով, թե անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները Հայաստանի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն։
Ամեն դեպքում հայտնի սորոսական Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունները լրջագույն հետևանքներ են ունենալու հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի վրա, ինչն էլ թերևս, հենց Հայաստանի իշխանությունների բուռն ցանկությունն է։ Առնվազն կանխամտածված ձևով փչացնել Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունները։
Սերինե Արամյան