Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ այդպես էլ չի ներկայացել Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Անհրաժեշտ 54-ի փոխարեն ընդդիմությանը հաջողվել է միայն 34 պատգամավորներով մասնակցել արտահերթ նիստին, և նիստը վարող Ալեն Սիմոնյանն արձանագրել է արտահերթ նիստի ձախողումը։
Այս կերպ իշխանությունը հերթական անգամ «թռել է» պատասխանատվությունից։ Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով հայտարարության նախագիծ էին ներկայացրել և այդ կապակցությամբ արտահերթ նիստ հրավիրել։
Իշխանությունները ոչ միայն հրաժարվում են այդ հարցը քննարկել, այլև նոր հետաքրքիր մարտավարություն են որդեգրել ընդդիմության և հանրության հետ շփումներում, մասնավորապես փաշինյանական վարչախմբի սպասարկող 4 քաղաքական ուժեր, որոնք ժողովրդավարական ուժերի հարթակ են ստեղծել առաջարկել են առաջիկա 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։
Իհարկե, Եվրամիությունն այդ հանրաքվեով չէ, որ Հայաստանին ընդգրկելու է իր կազմում, փոխարենն այս նման առաջարկ անելը հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, գործող վարչախմբին հնարավորություն է տալու քարոզչական նոր նարատիվներ առաջ մղել, պնդել, թե ընդդիմությունը դեմ է Հայաաստանի եվրոպական հեռանկարին, նաև շեղել հանրային ուշադրությունը սահմանազատման գործընթացից և ընդդիմության առաջարկներից։
Այժմ Բագրատ Գալստանյանի գլխավորած ընդդիմությունը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած, թե ինչպե՞ս պետք է արձագանքի վարչախմբի նոր թեզերին։
Մելինե Սահակյան