Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ»․ 168․am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբ մայիսի 10-ին Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի հետ անցնում էր ԲՈՒՀ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հրահանգել էին փակել համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգային համալսարանից։
Ավելին, ռեկտորն իր կաբինետի պատշգամբից լուսանկարել էր շարժմանը միացող ուսանողներին, իսկ հետո լուրեր տարածվեցին, որ մի քանի ուսանողի հարց դրվել է քննարկման՝ էթիկայի հանձնաժողովում։
Պարզվում է, որ ռեկտորի վրեժխնդրությունից անմասն չի մնացել Սրբազանին ընդառաջ դուրս եկած ու աջակցություն հայտնած բուհ-իուսանողական խորհուրդը։
168.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Գյուրջինյանն ու Դոնարա Ղազարյանը, օրեր առաջ մեկնելով գործուղման, հրահանգել են համալսարանը տարիներ շարունակ ավարտել չկարողացող ու այս տարի մի կերպ ավարտած և դեռ ուսանող (ում անուններն այս պահին լրատվամիջոցը դեռ չի հրապարակում) որոշ տղաների՝ «ուսխորհրդի հախից գալ մինչև իրենց վերադարձը», որից հետո էլ վերջիններս սկսել են ստորագրահավաք՝ ուսանողական խորհրդի լուծարման նպատակով։
Ի դեպ, տղաների աշխատանքը համակարգում է ԲՊՀ նորանշանակ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը։ Համալսարանում, 168․am-ի տեղեկություններով, իսկական քաոս է տիրում, քանի որ ուսանողներից շատերն ահազանգում են, որ իրենց մոտենում են, հարցեր տալիս ուսանողական խորհրդի մասին, փորձում ստանալ ուսանողական խորհրդին վատաբանող տեղեկություն, քննական շրջանում մտնում են լսարանները ու ընդհատում դասապրոցեսը, քննության ընթացքը։
Ինչի՞ է ուզում հասած լինել ռեկտորն իր այս քայլերով․ ակնհայտ է՝ վախ սերմանել ուսանողության շրջանում։
Ավելորդ չէ հիշեցնել, որ Դավիթ Գյուրջինյանը երկար տարիներ հայոց լեզու է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում։