Օձունում 64-ամյա Լ. Խեչումյանին գտել են սպանված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Մինչ ոստիկանները կժամանեն դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի գլխավորությամբ։Ժամանել է նաև փորձաքրեագետ Է. Հովհաննիսյանը։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա է հարվածի 3 հետք։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։