Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼինելով ԵՄ կազմում՝ երկրները պարտավորվում են ունենալ համապատասխան ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք թույլ են տալիս զարգանալ բնականոն, նորմալ հունով, ինչի դեպքում պաշտպանված են թե՛ պետությունները, թե՛ նրանց քաղաքացիները:
Այդ տեսակետը հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։
Այդուհանդերձ, Կարապետյանցը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը դեռ բավարար և գոհացնող աստիճանի վրա չէ, որովհետև գործնականում տեսանելի են առաջարկներ, սակայն Հայաստանի կողմից բավարար չափով անհրաժեշտ գործողություններ դեռ չեն կատարվում, ինչը կապված է մեր անվտանգային խնդիրների, ներքին ու արտաքին մարտահրավերների հետ։
«Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր, որովհետև վերոհիշյալ գործընթացը ենթադրում է մեծ պատասխանատվություն և բեռ։ Միայն հանդիպումներին մասնակցելը և Հայաստանում լուրջ պատվիրակություններին ընդունելը բավարար չէ»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը։