«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը հանրապետությունից դուրս հանդիպումներ է ունեցել։ Նրա՝ հանրապետությունից դուրս գտվելու մասին բազմաթիվ լուրեր են պտտվում լրատվադաշտում։
1or.am-ը անձամբ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ և ո՞ւր է գնացել։
- Որտե՞ղ էիք, պարոն Պետրոսյան:
- Երկու օր եղել եմ Եվրոպայում և օր ու կես էլ Ռուսաստանում, երեկ գիշերն եմ վերադարձել։ Տարբեր քննարկումներ էր, տարբեր մարդկանց հետ, բայց փոխադարձ պայմանավորվածությունից ելնելով` չեմ կարող մանրամասներ հայտնել։
- Գնացել էիք շարժման հետ կապված հարցերով ինչ-որ խնդիրներ հարթելու, երաշխիքներ բերելո՞ւ։
- Գիտեմ, որ շատերն այդպես են մտածում, բայց «դաբրոներ» ստանալու չէի գնացել, բացարձակապես դրա հետ կապ չունի։ Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ մեր ներքին խնդիրները, մեր տան հարցերը մենք լուծելու ենք միայն տան ներսում։
Որևէ մեկն իրավունք չունի և չի կարող մեր տան հարցերին խառնվել։ Նվաստացնող է, որ ներքին հարցերը լուծելու համար մարդիկ դիմում են արտաքին աշխարհին, դրանից ավելի խայտառակ բան, նույնիսկ տեսականորեն չի կարող լինել։ Այս շարժման նպատակն այն է, որ մենք հաղթահարենք այդ հպատակի, աղերսողի քաղաքականությունը։
- Ի՞նչ քննարկումներ էր, շարժման հետ կապ ունե՞ր։
- Այո, ընդհանուր պրոցեսի հետ կապ ուներ։ Ուղղակի նախորդ տրամաբանությունից դուրս քննարկումներ էր։ Չկա նման միտք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գործուղել էր Սուրեն Պետրոսյանին։
- Պարո՛ն Պետրոսյան, քանի որ քննարկումներն առնվազն շարժմանն է վերաբերել, ի՞նչ ազդակներ կային։
- Շատ դրական են վերաբերվում շարժմանը, ողջունում են։
- Եվրոպայում նույնպե՞ս։
- Այո։