Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղ առավոտյան բերման էր ենթարկվել փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ 1or.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ իրեն բերման ենթարկելու հիմքեր չկային։
«Որպես հիմք նշվել է այն, որ իբր չեմ կատարել ոստիկանության օրինական պահանջը։ Սա այն հիմնավորումն է, ինչ երկար ժամանակ իրենց պարապացրել են։ Մինչև ակցիան սկսելը մոտեցել եմ ոստիկաններին, ներկայացել եմ փաստաբան և հայտնել եմ, որ պատրաստվում եմ բողոքի ակցիա իրականացնողների իրավունքները պաշտպանել, ներկայացրել եմ բողոքի ակցիա անելու իրավական հիմքերը։ Հետո երբ 2 րոպե ժամանակ տվեցին ակցիայի մասնակիցներին ճանապարհն ազատելու համար, այդ ժամանակ մոտեցա և ասացի, որ 2 րոպեն ողջամիտ ժամանակ չէ և ոստիկանները բռնեցին ու բերման ենթարկեցին՝ հաշվի չառնելով, որ փաստաբան եմ և իրավապաշտպան գործունեություն եմ իրականացնում»,- նշեց Հարությունյանը։
Նոր Նորքի ոստիկանության բաժնում փաստաբանը մնացել է 3 ժամ, վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, սակայն, Հարությունյանի կարծիքով` այն նույնիսկ դատարան չի ուղարկվի տուգանք սահմանելու համար, քանի որ շատ անհիմն է։ Նկատում է, որ այդ երեք ժամը հազիվ է բավականացրել, որ արձանագրությունը կազմեն։
Ոստիկանների այս բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործողությունները փաստաբանի գնահատմամբ անօրինական են և հակասում են միջազգային իրավունքի մի շարք նորմերի։