Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ռաֆահում գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում։ Հայտարարությունը տեղադրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել գործողության կապակցությամբ, որը «սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել» անկլավում գտնվող խաղաղ բնակիչների համար, որոնք արդեն մի քանի անգամ տեղահանվել են։ Փարիզը նշել է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակիչները «անվտանգ վայրեր չունեն»:
«Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և նորից մտնել բանակցությունների ուղի, որը միակն է, որը կարող է հանգեցնել պատանդների անհապաղ ազատմանը և կայուն զինադադարի ձեռքբերմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել Իսրայելին վերաբացել Ռաֆահ անցակետը Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև, ինչպես նաև խստորեն դատապարտել է մայիսի 7-ին իսրայելցի վերաբնակիչների հարձակումը Հորդանանի մարդասիրական օգնության ավտոշարասյան վրա։ Բացի այդ, Փարիզը դատապարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Քերեմ Շալոմ անցակետի վրա։