«Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իշխանությունն է պատասխանատու դրա համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏերունական աղոթքով մեկնարկեց Բագրատ Սրբազանի առաջնորդած Համազգային շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում։
Իր խոսքն ուղղելով ժողովրդին՝ Բագրատ Սրբազանը մտահոգություն հայտնեց՝ երկրում բարոյալքման պատասխանատուն իշխանությունն է։
«Երկու օր է՝ երեկվանից սկսած, մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ իրենց կեղծիքներով՝ խոսում են ատելության մասին։ Չեն դադարում, թունավորվել են։ Մարդը թունավորվել է մեր երկրում։ Եվ սրա պատասխանատուն են այս շենքում նստած մարդիկ (ցույց տվեց կառավաչության շենքը-խմբ․)։ Հատուկ կերպով սնված ատելություն, ատելություն, ատելություն, թշնամություն՝ ամենավերջին խոսքերն ասելով։ Ոչ միայն իմ մասին, այլև բոլորիս մասին, ժողովրդի մասին։ Սա չէ՛ մեր պատկերացրած Հայաստանը»,- ասաց Սրբազանը։
Նա շեշտեց՝ ապշել էիշխանամերձ լրատվականների վերնագրերից, գրառումներից։
«Այս չափ ընկած՝ չէի պատկերացնում։ Սրա՛ համար է մեր շարժումը, որպեսզի մեր կյանքից վերանա այս ապիկար վիճակն ու իրական հաշտություն հաստատվի, որպեսզի մարդիկ սիրելով, ներելով ապրեն։
Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է Եվ իրե՛նք են պատասխանատու դրա համար, միայն ու միայն իրենք՝ այս շենքի մարդիկ»,- ասաց Սրբազանը։