Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դժվարությամբ կզարգանան, անկախ Վլադիմիր Պուտինի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումից, կանխատեսել է քաղաքագետ, Ազգային Հետազոտական Համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը` NEWS.ru-ի հետ զրույցում:
Նա նաև նշել է, որ Երևանը Մոսկվայի հանդեպ դժգոհություններ ունի ղարաբաղյան իրադարձությունների պատճառով։
«Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չի աջակցել Հայաստանին Ղարաբաղի հարցում։ Ռուսաստանն ունի իր փաստարկներն այդ առումով, բայց ներկա իրավիճակում դրանք բավականին վատ են ընկալվում հայ հասարակության կողմից»,- նշել է փորձագետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանին չի հաջողվի լիովին անջատվել Ռուսաստանի Դաշնությունից։ Նույն կերպ Երևանը հիմա ՀԱՊԿ-ից էլ դուրս չի գա, այլապես դա կնշանակի պետության համար անվտանգության որևէ երաշխիքի բացակայություն։
«Երկրի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դա։ Դրա համար էլ Փաշինյանը գալու է, հանդիպելու, քննարկելու: Բայց հետագա իրավիճակը կախված կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթից։ Մերձեցման հույս կա, բայց շատ փոքր»,- եզրափակել է Մակարկինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարել մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մինչ այդ նա նաև հայտարարել էր, որ այդ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է երկու կետերի շուրջ համաձայնության չգալու պատճառով՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և հաղորդակցությունների բացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը