«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի կառավարությունը որոշում է կայացրել փակել Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումը երկրում, ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի X սոցիալական ցանցի էջում տեղադրված հայտարարության մեջ։ «Իմ ղեկավարած կառավարությունը միաձայն որոշում է կայացրել՝ Իսրայելում կփակվի սադրիչ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը»,- ընդգծել է Նեթանյահուն։
Ապրիլի 1-ին Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենքը, որը թույլ է տալիս փակել թշնամական լրատվամիջոցները երկրում, հաղորդում է The Times of Israel-ը։
Օրենքի համաձայն՝ Իսրայելի կապի նախարարը, երկրի վարչապետի համաձայնությամբ, կարող է կարգադրել դադարեցնել օտարերկրյա ալիքի հեռարձակումը Իսրայելից և Իսրայելի տարածքում, եթե դա վնասում է պետության անվտանգությանը։
Կապի նախարարության ղեկավարը կարող է նաև հրաման տալ փակել լրատվամիջոցների գրասենյակները և արգելափակել նրանց կայքերը, եթե սերվերը գտնվում է Իսրայելում, ինչպես նաև առգրավել օտարերկրյա լրատվամիջոցի սարքավորումները։