Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում շարունակվում են սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ երկրի իշխանությունների կողմից սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքած պայմանավորվածությունների։
Տավուշում շարունակվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաները դժվար թե վերաճեն այնպիսի լուրջ բանի, որը կարող է վտանգ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար։
Ukraina.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական դիտորդ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Ըստ փորձագետի՝ դա մի քանի պատճառ ունի:
Առաջինն այն է, որ բողոքի ակցիաները ցրված են և չեն համակարգվում ընդհանուր կենտրոնից։
Երկրորդ պատճառն այն է, որ ցուցարարները չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանություններն ունեն հստակ ծրագիր, որին հայ հասարակության մեջ ոչ բոլորն են հավանություն տալիս։ Այդուհանդերձ, այն կա, և իշխանությունները գործում են դրան համապատասխան բավականին գրագետ քարոզչություն կառուցելով, նշել է Արեշևը։
«Անհրաժեշտության դեպքում իշխանությունները հասարակական կարծիքի վրա ազդում են կամ մանիպուլյացիաների կամ ուժային գործողությունների, այդ թվում՝ բավական անարդար և կոշտ ձերբակալությունների միջոցով»,- ասել է փորձագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ բողոքի ակցիաներին զինվորականների հնարավոր միանալուն, Արեշևը չի բացառել նման տարբերակը, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ չի ակնկալում, թե զինվորականներն անմիջական մասնակցություն կունենան ցույցերին:
«Իշխանությունները լավ էին պատրաստվել: Տավուշի մարզում տեղակայված Երրորդ բանակային կորպուսի հայտնի հրամանատարը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի որդին, նախօրոք վարկաբեկվեց և հեռացվեց»,- հիշեցրել է Արեշևը։
Նա նաև հավելել է, որ Խաչատուրովը մեծ ժողովրդականություն է վայելում բանակում և հասարակության մեջ, և այն փաստը, որ նա պաշտոնանկ էր արվել ավելի վաղ, եղել է ակնհայտ նախազգուշացում, որ Փաշինյանի իշխանությունները պատրաստվում են զիջել Տավուշի պաշտպանական դիրքերը։ «Բաքուն պահանջում է պետական սահմանի այդ հատվածում վերադարձնել 1990-ականների սկզբից առաջ ստեղծված իրավիճակին»,- ամփոփել է Անդրեյ Արեշևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը