ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը:
Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Քննարկվել է նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը։ Անահիտ Մանասյանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։