Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Հատկապես, երբ քաղաքական իրադարձությունները ծավալվում են շեշտակի արագությամբ, ընդհուպ՝ նոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղից ռուսական ռազմակայանի դուրսբերման հետևանքով, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել «նահանջել» Ոսկեպարի հարցում, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները սկսել են գիտակցել, որ լուրջ համախմբման դեպքում հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, ընդհուպ՝ ազատվել փաշինյանական իշխանության տիրապետությունից։
Նման իրավիճակում քաղաքական կյանքում իրական առաջնորդություն կարող են ստանձնել չվարկաբեկված, ճկուն և քաղաքականապես հասուն միավորները, որոնք էլ բոլոր հնարավորություններն ունեն արժանանալու հանրության վստահությանը, ներկայացնելու սեփական գաղափարները և ազգային հենքի վրա իրական պայքար մղելու գործող իշխանությունների դեմ։ Այս պահի դրությամբ «Համահայկական ճակատ» շարժմանը միացել է արդեն գրեթե 13 900 մարդ, ինչը բավական տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ «Համահայկական ճակատ» շարժումն իր ստեղծման մասին հայտարարել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, երբ ճակատի առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական դաշտ մուտք գործելու և Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ իրական պայքար ծավալելու մասին։
Կարապետյանը, որ փաշինյանական իշխանության օրոք եղել է վարչապետի խորհրդական, ապա՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և պաշտպանության նախարար, հրաշալի գիտի գործող իշխանություներին, նրանց մտածելակերպը, դիլետանտության և կանխատեսելիության աստիճանը, կարող է հաշվարկել իշխանության բոլոր քայլերը։
Քաղաքական պայքարի մեջ կարևոր է ոչ միայն բուն քաղաքական և քաղաքագիտական վերլուծություն իմանալը, այլև մրցակցի անձնական որակները ճանաչելը։ Զուր չէ, որ «Համահայկական ճակատը» նաև կուսակցություն ստեղծեց, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինքը՝ Կարապետյանը, այս առումով էլ բավական ճկուն քաղաքականություն է որդեգրել, բուն «Համահայկական ճակատը» շարժումը շարունակում է իր գործունեությունը և օրեցօր նորանոր հասարակական կազմակերպություններ, քաղաքական միավորումներ են միանում «Համահայկական ճակատ» շարժմանը, իսկ տանող և քաշող ուժը լինելու է հենց «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Առավելապես սա է պատճառը, որ գործող իշխանությունները խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը և այլ՝ ընդդիմադիր արտախորհրդարանական միավորներին թողած՝ իրենց հիմնական թիրախը դարձրել են հենց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ոհմակով են արձագանքում վերջինիս հայտարարություններին, հարցազրույցներին, ինչը վկայում է, որ գործող իշխանությունը լրջորեն մտահոգված ու վախեցած է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից։