Սամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան
ԻՐԱՎՈՒՆՔԱյսօր վերջապես քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի՝ ոստիկանության անենաթողության պայմաններում խոշտանգվելու դեպքի առթիվ: Նա ճանաչվեց տուժող:
Նկատենք, որ Սամվելին ևս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու դրվագով՝ խուլիգանություն և քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության տարածում: Դատարանը նրա նկատմամբ կիրառեց խափանման միջոց՝ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ: Պաշտպանական թիմը համաձայն է կիրառված խափանման միջոցի հետ և չի պատրաստվում բողոքարկել այն:
Հիշենցնենք, որ Սամվել Վարդանյանը երթուղայինում տեսել էր ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին և նրան անվանել «դավաճան, վիժվածք»: Սամվելին ձերբակալել էին պատգամավորի հաղորդում տալուց երեք ժամ առաջ: Հարցաքննությունից հետո քննչականից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանները գնացել էին բնական կարիքները հոգալու և մեքենայում միայնակ թողել ձեռնաշղթայված Սամվել Վարդանյանին: Անհայտ անձինք էլ Սամվելին հանել էին մեքենայից, խոշտանգել ու վերադարձրել ոստիկանության մեքենա, ինչից հետո միայն ոստիկանները վերադարձել էին: Խոշտանգման դրվագով, վարույթը նախաձեռնվել է այսօր:
Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը 1or.am-ին ասաց. «Խոշտանգման դրվագով մեզ վաղը նոր կանչել են հարցաքննության, Սամվելը դատաբժշկի գնացել է պատգամավորի հետ միջադեպի գործով, որը ընթացակարգն է պահանջում: Այնտեղ արձանագրվել են վնասվածքները, սակայն մինչ այժմ լուր չունենք»:
Խոշտանգաման գործով նոր փորձաքննություն նշանակելու մասին ևս պաշտպանական խումբը տեղեկություն չունի: