Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից․ Վարդան Ոսկանյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամ ալիքում գրել է․
Պատմության մեջ ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակում գնահատված՝ Իրանի պատասխան հարվածն Իսրայելին, ինչի արդյունքում իրանցիները կարողացան խոցել իսրայելական նախանշված ռազմական ենթակառուցվածքը Նեգևի անապատում, իրանական անօդաչուների և հրթիռների չնչին մասի կիրառությամբ սահմանափակ գործողություն էր, որի զուտ ռազմական բաղադրիչից զատ, շատ կարևոր են նաև քաղաքական և քարոզչական ուղերձները։
Նախ՝ Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից։
Երկրորդը՝ ընդամենը մոտ քառասուն տարի առաջ փաստացի զրոյական հրթիռային պոտենցիալի մակարդակից, այժմ Իրանը դարձել է առաջատար հրթիռային գերտերություն, որի ռազմարդյունաբերությունը բացառապես սեփական ռեսուրսներով կարող է ապահովել այս երկրի պահանջմունքները բարձր տեխնոլոգիական անօդաչուների և հրթիռների ոլորտում։
Երրորդը՝ ի տարբերություն հակառակորդի, Իրանը քաղաքակիրթ և պատասխանատու պետություն է, որի նույնիսկ պատժիչ գործողությունը միտված չէ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք խոցելուն և խաղաղ բնակչությանը ոչնչացնելուն, ինչը միանշանակորեն բարձրացնում է այս պետության վարկը համաշխարհային ասպարեզում՝ հատկապես Գազայում իրականացվող փաստացի ցեղասպանության ֆոնին։