Առնվազն ինը իրանական հրթիռներ խոցել են Իսրայելի ռազմաօդային բազաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն ինը իրանական հրթիռներ հարվածել են իսրայելական երկու ավիաբազաների հարձակման ժամանակ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային:
«Առնվազն ինը իրանական հրթիռներ ներթափանցել են իսրայելական հակաօդային պաշտպանություն և խոցել երկու իսրայելական ավիաբազաներ»,- նշում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ 5 բալիստիկ հրթիռ է հարվածել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային՝ վնասելով C-130 տրանսպորտային ինքնաթիռը, թռիչքուղին և պահեստարանները։ Չորս հրթիռ հարվածել է Նեգև անապատում գտնվող իսրայելական ավիաբազային, սակայն զգալի վնասներ չեն գրանցվել։
Իրանի պետական Press TV հեռուստաալիքը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կիրակի գիշեր Իսրայելի վրա հարձակման ժամանակ յոթ հիպերձայնային հրթիռ են արձակել, որոնցից ոչ մեկը չի որսացել իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից։