Փորձագետը բացատրել է, թե Հայաստանն ինչպես է երես թեքում Ռուսաստանի Դաշնությունից. «Մեծ եղբոր փոփոխություն»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու կուրս են վերցել, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի Կաթոլիկ համալսարանի սոցիալական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը։
Նա այդպես է բացատրել հայկական բանակի կանոնադրության փոփոխությունը. խորհրդային «Ուռա»-ի փոխարեն զինվորականները կօգտագործեն հայերեն «Կեցցե» բացականչությունը։
«Այն կուրսը, որն այժմ ընտրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կենտրոնացած է Ֆրանսիայի վրա: Դա ենթադրում է ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից հրաժարում, և դա ավելի ու ավելի տեսանելի է դառնալու ոչ միայն տեխնոլոգիական, այլև քաղաքականության, ֆինանսների և այլ ոլորտներում։ Երկու շաբաթ առաջ նա հանդիպում է ունեցել իշխող կուսակցության անդամների հետ և իր գործընկերներին հայտնել, որ ԵՄ-ն պահանջում է հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, և որ ինքը մտադիր է հետևել այդ կուրսին»,- բացատրել է փորձագետը։
Արտամոնովը նշել է, որ, ըստ Երևանի տրամաբանության, եթե Մոսկվան չի պաշտպանում Հայաստանին բոլոր դժբախտություններից, ապա հանրապետությունն «այլ տեր կփնտրի»։
Հիմա, պարզաբանել է փորձագետը, գտել են նրան ի դեմս Փարիզի, որը հավանաբար խոստացել է հայկական տարածքները պաշտպանել թյուրքական պետություններից։
«Հայաստանը ցանկանում է մեկ ավագ եղբորը փոխանակել մյուսի հետ: Հայաստանի խորհրդարանն արդեն քննարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը, թեև այդ գաղափարը լիովին անիրատեսական է։ Հիշեցնեմ, որ Թուրքիան, օրինակ, ավելի քան 50 տարի եղել է ԵՄ ասոցացված անդամ, բայց այդպես էլ չի անդամակցել ԵՄ-ին»,- նշել է զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր բանակի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին։ Փոփոխությունների համաձայն՝ խորհրդային «Ուռա» բացականչության փոխարեն այն դեպքերում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին, զինվորականները կօգտագործեն «Կեցցե» բառը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ անցումը նոր կանոնադրությանը կիրականացվի զինված ուժերի ընդհանուր բարեփոխումների շրջանակում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը