Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են կրիստալ, մարիխուանա և մեթադոն, 3 անձ ձերբակալվել է (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԻրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին, ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ ծխամորճն ու զանգվածն իրենն են` անձնական օգտագործման համար:
34-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Ըստ նրա` գլանակում թմրանյութ է, որն ինքն է պատրաստել կանեփից` անձնական օգտագործման համար:
Երկուսն էլ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Բացատրական աշխատանքի արդյունքում 33-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն տեղափոխող «Օպելում» թողել է մեթադոն տեսակի թմրամիջոց: Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նա մեթադոնը նույն օրը 10 հազար դրամով ձեռք էր բերել Արմավիրի Աբովյան փողոցի 64-ամյա մի բնակչից:
Փաստի առթիվ ապրիլի 3-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել հիշյալ «Օպելում»: Սրահում հայտնաբերվել են կրիստալի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով ապակե ծխամորճ, կանեփանման զանգվածով ապակե գլանակ և թափանցիկ տարայով մեթադոն տեսակի թմրամիջոց, բեռնախցում` կրիստալի նմանվող մոտ 5 գրամ զանգվածով թիթեղյա տարա, թիթեղյա ծխամորճ` տուփով, մոտ 68 գրամ կանեփանման զանգվածով:
Վարորդը հայտնել է, որ կանեփանման զանգվածներն իրենն են, կանեփը քաղել է վայրաճ բույսերից, չորացրել ու մանրացրել` անձնական օգտագործման համար:
Ապրիլի 4-ին մեթադոն իրացնելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել նաև Արմավիրի Աբովյան փողոցի 64-ամյա բնակիչը: Նա ներկայացվել է նախաքննական մարմին և քննիչի որոշմամբ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: