ՆԱՏՕ-ի ղեկավարը նախազգուշացրել է, որ «ավտորիտար ուժերի դաշինքը» գնալով ավելի սերտորեն է աշխատում արևմտյան ժողովրդավարության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC-ին տված հարցազրույցում Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ավելի ու ավելի են միավորում ուժերը՝ միմյանց գործնական աջակցություն ցուցաբերելով, և այդ դաշինքը դառնում է «ավելի ու ավելի միասնական»։
ՆԱՏՕ-ի ղեկավարը բացատրել է. «Չինաստանն աջակցում է ռուսական ռազմական տնտեսությանը պաշտպանական արդյունաբերության համար հիմնական արտադրանք մատակարարելով»:
Ռուսաստանը տեխնոլոգիա է մատակարարում Իրանին և Հյուսիսային Կորեային զինամթերքի և ռազմական տեխնիկայի դիմաց, հավելել է նա։
ՆԱՏՕ-ն ստիպված է աշխատել իր աշխարհագրական տարածքից դուրս գտնվող երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան՝ «հակազդելու ավտորիտար ուժերի այս աճող հզոր դաշինքին»:
Սթոլթենբերգը նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինայի ֆինանսավորման երկարաժամկետ համաձայնագրի վերաբերյալ որոշում կկայացնեն մինչև հուլիս, երբ Վաշինգտոնում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Վերջին օրերին ՆԱՏՕ-ի ղեկավարը փորձում է համոզել այլ երկրներին ավելի շատ գումար տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցության համար. 100 միլիարդ եվրոյի հնգամյա հիմնադրամ ստեղծելու հույս կա: Նա նշել է, թե վստահություն կա , որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև հուլիս, չնայած որոշ երկրներ վերապահումներ ունեն:
Նրա խոսքով՝ Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն տրամադրելը կենսական նշանակություն ունի ինչպես այժմ, այնպես էլ հակամարտությունից հետո երկրի վերականգնման համար։ «Նույնիսկ եթե մենք հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մոտ ապագայում, մենք դեռ երկար տարիներ պետք է աջակցենք Ուկրաինային՝ ուժեղացնելով նրա պաշտպանությունը՝ ապագա ագրեսիան զսպելու համար», - ասել է նա։
Սթոլթենբերգն ասել է, որ ռազմական աջակցությունը կենսական նշանակություն ունի Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս մղելու և Պուտինին ստիպելու՝ հրաժարվել իր օկուպացիոն նպատակներից:
Այնուամենայնիվ, նա նաև ենթադրել է, որ Կիևը կարող է ի վերջո ստիպված լինել զիջումների գնալ:
«Ի վերջո, Ուկրաինան պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների են նրանք պատրաստ գնալ, մենք պետք է նրանց հնարավորություն տանք լինել այնպիսի դիրքում, որ իրականում կարողանան ընդունելի արդյունքի հասնել բանակցությունների սեղանի շուրջ», - պարզաբանել է նա: Սթոլթենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն մտահոգում է Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը Սպիտակ տուն՝ ասելով միայն, որ վստահ է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մնալ Ուկրաինայի կարևոր դաշնակիցը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։
Խոսելով Մերձավոր Արևելքում հակամարտության մասին՝ Սթոլթենբերգն ասել է, որ «շատ կարևոր է», որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները հստակ ուղերձ հղեն Իսրայելին, որ նա պետք է «էականորեն ավելին» անի քաղաքացիական բնակչությանն ու հումանիտար առաքելություն իրականացնողներին պաշտպանելու համար։