Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանը նման հանձնարարություն տվեց այսօր գործակարգավարական նիստի ժամանակ:
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելություն մի քանի անձի։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցում տարածվել էին տեսանյութեր, որտեղ դաստիարակները բռնության էին ենթարկում երեխաներին։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է մասնավոր մանկապարտեզի դաստիարակը հարվածում երեխայի դեմքին։ Մյուսում լսվում է, թե ինչպես են բղավում երեխաների վրա։
2024 թվականի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում է տեսախցիկ տեղադրված։
Տեսախցիկները տեղադրված են ընդհանուր օգտագործման վայրերում` մուտքերի մոտ, միջանցքներում, նախասրահներում: