Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրենքով գող Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, վաղաժամկետ ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Ուստ-Լաբինսկի շրջանի Դվուբրացկի գյուղում գտնվող գաղութից։ Նա կարող է մեկնել Սոչի կամ Աբխազիա, որտեղ բնակություն են հաստատել իր ընկերները։
Շաքրո Մոլոդոյը պայմանական վաղաժամկետ ազատվել է առողջական խնդիրների պատճառով՝ նշել է տելեգրամյան ալիքը։
2010 թվականին Մադրիդի դատարանը Կալաշովին դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման և 20 միլիոն եվրո տուգանքի, իսկ ավելի ուշ պատիժը հասցվել է 9 տարվա ազատազրկման։ Այնուհետև 2014 թվականին Շաքրո Մոլոդոյը վերադարձել է Ռուսաստան, որտեղ 2018 թվականին նա դատապարտվել է շուրջ 10 տարվա ազատազրկման։
Գործը վերաբերել է Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից խոշոր գումարի շորթմանը. 2015 թվականի դեկտեմբերին այս հաստատությունում տեղի ունեցած «ռազբորկայի» ժամանակ քրեական հեղինակության և գործարար կնոջ կողմնակիցների միջև փոխհրաձգություն է եղել, որի ժամանակ երկու մարդ է զոհվել։
Հիշեցնենք, որ Շաքրո Մոլոդոյը գլխավորել է Դեդ Հասան մականունով հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի կլանը նրա սպանությունից հետո։