«Ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել»․ օկուպացված Արցախում ապրողներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕկուպացված Արցախում մնացած շուրջ 2 տասնյակ հայերն ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու իրենց պատճառներն ունեն։
MediaHub-ը զրուցել է Ստեփանակերտում մնացած Լարիսա Ստեփանայանի ծանոթներից մեկի հետ։ Վերջինս նշեց, որ Լարիսան ապրում էր Տող գյուղում։ Նա ամուսնացած չի եղել, սակայն որդեգրած տղա ուներ, որը մահացել է 1990-ականներին։ Նրա եղբայրն առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է։ «Հետո հայրն է մահացել, հետո՝ մայրը։ Ինքը մնացել է միայնակ։ Ծանր բնավորություն ուներ, հողի հարկը չէր տալիս ու համայնքային բյուջեում որևէ ներդրում չի ունեցել, սակայն, միշտ պահանջել է, որ իր տունը վերանորոգեն։ Տողի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Լարիսայի տունը տարիներ առաջ վերանորոգել են, ինքն էլ դա շնորհակալությամբ է ընդունել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա կասկած անգամ չունի, որ Լարիսան ու մյուսներն այնտեղ պահվում են ադրբեջանցիների այսպես կոչված «շոուների» համար, քանի որ ԶԼՄ-ները առիթը բաց չեն թողնում նկարահանել Ստեփանակերտում մնացած հայերին, որ տեսախցիկների առաջ ասում են «ադրբեջանցիների հետ հնարավոր է ապրել»։
«Այդպես եղավ նաև Լարիսայի դեպքում։ Երբ տեսազանգով խոսում է բարեկամի հետ, վերջինս ցավակցում է, որ եղբայրը ՌԴ-ում մահացել է, նա էլ ասում է թե՝ «լսել եմ, գիտեմ, հիմա ի՞նչ անենք, մահը մերն է, մենք՝ մահինը»։ Նա նաև բարեկամին հորդորում է, որ ինքն էլ տեղափոխվի Արցախ»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը Լարիսային վերջին անգամ տեսել է պատերազմից մեկ շաբաթ առաջ։ Խոսել են իրավիճակից, փոխանակվել իրենց մտահոգություններով։ «Լարիսան ասել է՝ «Տող գյուղից եմ եկել, էստեղից հեռացողը չեմ, ինչ էլ լինի, կմնամ»։ Ու մնացել է, հիմա էլ կատարում է նրանց պահանջները, «ինտերվյուներ» է տալիս, թե բա «ադրբեջանցիք լավ են, եկեք, դուք էլ տեղափոխվեք»»։
Մենք կապ հաստատեցինք նաև Արցախում մնացած Կամո Հայրապետյանի ընտանիքի անդամների հետ։ Վերջիններս նշել են, որ հակառակ իրենց հորդորների, Կամոն նախընտրել է մնալ այնտեղ՝ ընկերոջ հետ։ «Ամեն անգամ, երբ տեսնում ենք, ադրբեջանական ալիքներով մի պահ մեզ վատ ենք զգում, որ մնացել է այնտեղ, բայց հետո հասկանում ենք, որ դա իր ցանկությունն էր, ուստի ոչինչ փոխել չենք կարող»։
Ընտանիքի անդամները նաև նշեցին, որ Կամոյի հետ Կարմիր խաչի միջոցով հաճախակի կապ են հաստատում, ու ամեն անգամ, երբ խոսքը գնում է նրա վերադարձի մասին, Կամոն ասում է՝ «դուք եք գալու»։ «Կարծում եմ սա ևս մի թեզ է, որ ադրբեջանցիները տարածում են, արցախահայերին ադապտացնում այս մտքին, մանավանդ, որ ամեն անգամ, երբ հարցնում ենք իր որպիսության մասին, նույնն է ասում, թե «մեզ լավ են վերաբերվում, ամեն ինչ կարգին է»։ Բայց մենք էլ հո գիտենք, որ ինչքան էլ լավ լինի, միևնույն է, սահմանափակ ազատություն ունեն»։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Կամոն ու մյուսներն ապրում են Ստեփանակերտի տներից մեկում բացված խնամքի կենտրոնում։
Երրորդ ընտանիքի հետ հարցազրույցի մեր փորձերը բացառեցին՝ նշելով, որ չեն ուզում թիրախավորվել։ Միայն ասացին, որ իրենց հայտնի է, որ ընտանիքի հայրը սկզբից ցանկացել է մնալ Ստեփանակերտում, հետո հեռախոսազրույցների ընթացքում նկատել են, որ ուզում է վերադառնալ, «բայց կա՛մ չեն թողել, որովհետև ադրբեջանցիներին մարդկանց քանակ է պետք իրենց ռեպորտաժների համար, կա՛մ ինքն է ամաչել իր այդ քայլից»։
Մեր ունեցած տեղեկություններով՝ օկուպացված Արցախում մնացած մարդիկ իրենց ընտանիքներից բաժանված, հիմնականում միայնակ ապրողներ էին։ Նրանց մեծ մասը նաև ալկոհոլի հետ սեր ունեն և կամ հոգեկան շեղումներ։
Հունան Թադևոսյան