ԱՄՆ-ում փորձարկվում է նոր սերնդի հզոր անօդաչու սարքը՝ Ghost X-ը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ բանակը Convergence - Capstone 4 նախագծի շրջանակներում շարունակում է նոր սերնդի Ghost X անօդաչու թռչող սարքի փորձարկումները:
Սարքի առավելությունը նրա ընդլայնված ինքնավարությունն է, գրում է Army Recognition-ը։ Նշվում է, որ մեկ օպերատոր կարող է հավաքել և օգտագործել Ghost X-ը երկու րոպեից էլ պակաս ժամանակում:
Anduril ընկերության կողմից մշակված այդ անօդաչու սարքը ցուցադրել է նաև դժվար եղանակային պայմաններում առաջադրանքներ կատարելու իր կարողությունը:
Անօդաչու թռչող սարքը, որը հագեցած է հաշվողական համակարգերով և համակարգչային տեսողության ալգորիթմներով, ինքնավար կերպով հայտնաբերում, դասակարգում և հետևում է հետաքրքրություն ներկայացնող օբյեկտներին խելամտորեն սկանավորելով տեղանքն ու օդային տարածքը:
Այդ ինքնավարությունը չափազանց կարևոր է մարտավարական գործողությունների համար, քանի որ տեղեկատվության տրամադրման արագությունն ու ճշգրտությունը կարող են փոխել մարտական գործողությունների ընթացքը:
Սարքի հեռահարությունը 25 կիլոմետր է, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 75 րոպե։ Սարքը կշռում է 25 կիլոգրամ և այն կարող է տեղափոխել մինչև ինը կիլոգրամ օգտակար բեռ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը