Ինչպիսի է եղանակ է սպասվում ապրիլին․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, իսկ ահա տեղումների առումով պակաս չի զգացվելու։ Տեղումների քանակը նորմայից ավելին է լինելու։
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ասեմ, որ սովորաբար հանրապետությունում ապրիլին տեղումների նորման բավական մեծ է։ Հիմա, եթե մենք ասում ենք նորմայից շատ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակում կհասնի +18․․․+21-ի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +18․․․+20 աստիճանի, Կոտայքի նախալեռներում՝ +22․․․+26-ի, Գեղարքունիքում՝ +18․․․+21-ի, Լոռիում՝ +18․․․+23-ի, Տավուշում՝ +21․․․+26-ի, Արագածոտնի լեռնային գոտիներում +18․․․+20-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում մինչև +25-ի, Արարատյան դաշտում՝ մինչև +26-ի, Վայոց ձորի լեռներում՝ +18․․․+21-ի, նախալեռնային գոտիներում՝ +24․․․+26-ի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +28․․․+30-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում՝ +20․․․+25 և Երևանում՝ մինչև +26 աստիճան։
Ապրիլ ամսին սպասվում է, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ։ Այդ դեպքում գիշերային ժամերին նվազագույն օդի ջերմաստիճանը Շիրակում կանխատեսվում է -7․․․-10, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -5․․․ -8 աստիճան, Կոտայքի նախալեռներում՝ 0․․․-2, Գեղարքունիքում՝-6․․․-9, Լոռիում՝ -2․․․-7, Տավուշում՝ -2․․․+2, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -5․․․-8, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 0․․․+2, Սյունիքի հովտային գոտիներում +2․․․+5, նախալեռնային հատվածներում՝ 0․․․-5 և Երևանում մինչև 0․․․+2 աստիճան։