«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանը կորցնում Հայաստանը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում գործող իշխանության օրոք Ռուսաստանը կորցնում է դաշնակցային հարաբերություններն այդ հանրապետության հետ, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսեյ Նաումովը։
Նրա խոսքով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակառուսական կուրս է վարում իշխանությունը պահպանելու համար։ Փորձագետը սակայն ենթադրում է, որ Երևանը չի անդամակցի ԵՄ-ին։
«Փաշինյանի օրոք Ռուսաստանը, անշուշտ, կորցնում է Հայաստանը: Ես նույնիսկ կասեի, որ արդեն մասամբ կորցրել է այն։ Եթե առաջիկայում Երևանում չտեսնենք իշխանափոխություն ու արտաքին քաղաքական շրջադարձ, Փաշինյանը կշարունակի իր հակառուսական կուրսը: Նա պետք է պահպանի իշխանությունն ու իր ժողովրդականությունը»,- ասել է Նաումովը:
Քաղաքագետի կարծիքով Փաշինյանի համար Ռուսաստանից պոկվելը և ԵՄ-ի հետ մերձեցումը միակ հնարավոր քաղաքական վարքագիծն է: Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը պարտվեց պատերազմը և կորցրեց Ղարաբաղը, ու հիմա պետք է գտնի պատասխանատու մեկին, ում կարելի է մեղադրել սեփական բոլոր սխալների համար։
«Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին սեփական սխալների համար և ժողովրդին խոստանում եվրոպական ապագա։ Սակայն Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին:Հանրապետությանը խոստացվելու են փոխգործակցության և ինտեգրման բոլոր ձևերը, բայց ոչ Եվրամիությանը անդամակցություն։ Սեփական թեկնածուներն էլ արդեն բավական են, ինչպես նաև այդ թեկնածուների առատությունից առաջացող խնդիրները»,- ասել է Նաումովը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ունի քաղաքական կամք շարունակելու խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Նրա խոսքով, Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, ըստ որի երկիրը կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը