Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել The future of Via Carpathia - Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Համաժողովին որպես բանախոս մասնակցել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։
Ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։
Վ․ Սարգսյանն անդրադարձել է կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։