Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի կարգավորումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա:
Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված նախագիծը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր վերանայելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին եւ աշխատել նախագծի վրա: Հեղինակն ընդունել է առաջարկը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: