Ե՞րբ կնշվի Ծաղկազարդը. ի՞նչ խորհուրդ ունի այն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Այս տարի այն կնշվի մարտի 24-ին։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում:
Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում:
Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն: