Հայտնի է Արծվիկ Մինասյանի եղբոր մահվան պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ 55 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ գյուղի վարչական ղեկավար Կորյուն Գարեգինի Մինասյանը:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ վերջինս հայտնի քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանի եղբայրն է:
Բաղրամյանի համայնքապետարանից փորձեցինք ճշտել, թե ինչն է եղել Մինասյանի մահվան պատճառը.
«Մանրամասներից տեղյակ չենք, ուղղակի գիտենք, որ առողջական խնդիրներ ուներ: Վերջին մեկ-երկու ամիսը դրանց պատճառով նույնիսկ աշխատանքի չէր հաճախում»,- 1or.am-ին պատասխանեցին համայնքապետարանից:
Հավելենք, Կորյուն Մինասյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին՝ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է ոստիկանական համակարգում` որպես քննիչ և հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:
Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա Շենիկ գյուղում՝ մարտի 16-ին, ժամը 17-ից։ Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին ժամը 13-ին։
Ելենա Մաթևոսյան