Կոնսերվատորիայում ստորագրահավաքը շարունակվում է. արդյունքները կամփոփվեն վաղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում ստորագրահավաքը շարունակվում է: Ամսի 15-ին ժամը 13:00-ին Ուսանողական խորհուրդը ամփոփված արդյունքները կներկայացնի ռեկտորատ, վերջիններս էլ կհանձնեն գերատեսչություններին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի գիտքարտուղար Օլյա Նուրիջանյանը:
Նրա խոսքով, այս պահին դժվար է ստորագրությունների հստակ թիվ ասել, քանի որ արդյունքները դեռևս ամփոփված չեն: Ուսանողները, սակայն, վստահեցնում են, որ մասնակիցները թիվը, իսկապես, մեծ է: Ստորագրահավաքին մասնակցում են ոչ միայն Կոնսերվատորիայի ուսանողները, այլև շրջանավարտները, երաժշտական հանրության հայտնի ներկայացուցիչները և բոլոր նրանք, ում հուզում է պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատության ճակատագիրը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր կազմակերպել՝ պահանջելով նախարարությունից չտեղափոխել Կոնսերվատորիան և չմիացնել այլ ԲՈՒՀ-ի: