«Սալոմե»-ն վերադառնում է
ՄՇԱԿՈՒՅԹԵրկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը (1907, կտավ, յուղաներկ):
1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվեց Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժին։ Չորս տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրեց իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում՝ մեկ գործի ցուցադրությամբ, այն շուտով կներկայացվի հանրությանը։
Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։
«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը մշակութային արժեքների վերականգնման պրոցեսը ներկայացնող ինտերակտիվ ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: Հանրահայտ արվեստագետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են աշխատանքային լուսանկարներ, բացատրագրեր, հոլովակներ, որոնք ամփոփ ներակայացնում են վերականգնման տևական ընթացքը։ Իսկ սրահում տեղակայված վերականգնման արվեստանոցի անկյունը այցելուին հնարավորություն է տալիս մասնակից դառնալու վերականգնման գործընթացին։