Ադրբեջանցի զինծառայողին Բաքվին միակողմանիորեն արտահանձնելը քծնանքի և թուլության հերթական դրսևորում էր Փաշինյանի կողմից․ Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
Երվանդ Հակոբյանը հեռահար կարգով հարց է ուղղել Արմեն Աշոտյանին՝ ինչու՞ են գործող իշխանությունները, ադրբեջանցիներին հաճոյանալու համար, գերի ընկած ադրբեջանցի զինվորներին վերադարձնում։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Անհերքելի փաստ է, որ Փաշինյանն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Ուստի պատրաստ է հաճոյանալ նրան հայ ժողովրդի զավակների, կամ տարածքների, կամ արժանապատվության հաշվին։
Մինչև հիմա մեր տասնյակ հայրենակիցների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու փաստը Ադրբեջանի լկտիության, անպատժելիության, նենգության և ցինիկության ապացույցն է։
Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումն Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ, նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստն այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են։ Այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։
Նիկոլ-Ալիև հարաբերություններն այդպիսին չեն, ուստի ադրբեջանցու միակողմանի արտահանձնումն ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Փաշինյանի կողմից՝ Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնելու հայ գերիներին, չի կատարում, ուր մնաց՝ «գնահատի» Նիկոլի արած «լավությունը»։
Մեկ այլ փաստ էլ արժե արձանագրել։ Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օ՜ հրաշք, «անհիմն» դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ ադրբեջանցի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։
Այսինքն՝ Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»։