Ռուսաստանի կողմից առկա մտահոգությունների ֆոնին Մոլդովան պաշտպանական համաձայնագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոլդովայի նախագահը Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել՝ հայտարարելով, որ Ռուսաստանը «վերսկսում է Մոլդովան ապակայունացնելու ջանքերը», հայտնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ Մայա Սանդուի այցը Փարիզ տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևմտյան երկրները Ռուսաստանից բխսղ ենթադրյալ մտահոգությունների ֆոնին ձգտում են ուժեղացնել նախկին խորհրդային պետության հնարավորությունները։
«Եթե ագրեսորին չկանգնեցնեն, նա կանգ չի առնի, և առաջնագիծը կմոտենա մեզ, ձեզ։ Ուստի, Եվրոպան պետք է միասնական ճակատով հանդես գա», - ասել է Սանդուն:
Համաձայնագիրն իրավական դաշտ է ստեղծում վերապատրաստման, երկխոսության և հետախուզական տվյալների փոխանակման համար: Այս ամռանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կբացվի ֆրանսիական պաշտպանական առաքելություն՝ կարիքները գնահատելու համար, և բանակցություններ են սկսվել սպառազինություններ մատակարարելու հնարավոր պայմանագրերի շուրջ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս Մոլդովային պաշտպանելու և օգնելու Փարիզի վճռականությունը։
Մոլդովայի հետախուզության ղեկավարն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է բողոքի ակցիաներ հրահրել երկրում՝ գալիք նախագահական ընտրություններին միջամտելու և Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը խափանելու նպատակով։