Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«2021 թ. մայիսից սկսած ՀԱՊԿ հետ մեր քննարկումները եղել են այն, որ Ադրբեջանի հետ մենք ունենք սահման, ՀԱՊԿ-ն պնդել է, որ չունենք ու չի ճանաչել և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի նկատմամբ օկուպացիան»,- ասաց Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ից ՀՀ-ն պահանջում է` ճանաչել իր պատասխանատվության սահմանը` ՀՀ 29,800 քառ. մետր տարածքը, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ մեր սահմանները։
«Քանի դեռ ՀԱՊԿ-ն չի ճանաչել, քանի չի հասցեագրվել հարցը, այս խնդիրը մնում է օդում։ Հայ-ադրբեջանական սահմանը գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագրով, մենք պետք է գնանք՝ վերարտադրենք դա»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Նա նշեց նաև, որ ՀԱՊԿ-ն պետք է որոշի` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները։