Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է։
Մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Պարոն Կացիտաձեն շրջայցի միջոցով հետևել է ՀՀ քննչական կոմիտեի մարզային նշված ստորաբաժանման աշխատանքի ընթացքին, ծանոթացել քննիչների ծառայողական պարտականությունների կատարման համար ստեղծված պայմաններին, նախաքննություն կատարելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներին և հնարավորություններին։
Շիրակի մարզային քննչական վարչության օրինակով Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարին ներկայացվել է Հայաստանի իրավապահ համակարգում քննչական մարմինների կառուցվածքը, Քննչական կոմիտեի զբաղեցրած դիրքն ու դերակատարությունը, գործառույթների, իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ շրջանակը։
Քննարկվել են իրավապահ համակարգում կատարվող բարեփոխումները՝ մասնավորապես վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեի տանիքի ներքո նախաքննական մարմինների կենտրոնացման գործընթացը, դրա նպատակներն ու խնդիրները։
Տեղում մտքերի փոխանակման ընթացքում ընդգծվել է ճանաչողական նման այցերի կարևորությունը՝ միմյանց կարողություններին ծանոթանալու, համագործակցության առավել առարկայական ուղղություններ նախանշելու տեսանկյունից։
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն ՀՀ գործընկերների հետ շրջել է Գյումրիում, ծանոթացել քաղաքի պատմամշակութային արժեքներին։