Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին, ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս ծանր իրավիճակում մենք պետք է ավելի խելոք ու համախմբված լինենք, այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմբված էինք, ազատագրեցինք հայրենիքը, այսօր ես էլ եմ մեղավոր, թե նախորդ պետական այրերն են մեղավոր հողերը հետ տալու համար։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Այսօր, պարզ ասեմ, մեր երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չե՞ն կարողանում նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ ես իմ տեսանկյունից եմ խոսում։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի «փրթում» են ռուսները», - նշեց Սասուն Միքայելյանը՝ շեշտելով, որ դրա պարզ ապացույցն է Արցախի նախագահների գերեվարումը։
Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներն ազատագրել և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջողով է հաջողվել հասնել դրան։
Դիտարկմանը, որ Սպարապետը ժամանակին խոսել է նաև Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։