ԱՍՀ նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓետրվարի 29–ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները, որը կգործի կացարանների և կոմունալ վճարների ծախսերի կատարման աջակցության ծրագրի ավարտից հետո։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Կարևորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցությունը՝ նախարարության նախաձեռնությամբ հրավիրվել էին սոցիալական աջակցության հարցերով հետաքրքրված և զբաղվող ԼՂ տեղահանվածների շահապաշտպան խմբերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին անհատներ։
Քննարկմանը, որը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլի Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՄԻՊ գրասենյակից։
Աննա Ժամակոչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում (100 հազար դրամ միանվագ աջակցություն, 40+10 հազարական դրամ՝ 6-ամսյա աջակցություն, 50+50 հազար դրամ աջակցություն) տեղ գտած վերջին փոփոխություններն ու լրացումները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, հանդես եկել դիտարկումներով, նոր միջոցառման վերաբերյալ առաջարկներով։