Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. Արարատ Միրզոյանի ուղերձը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Այսօր ՀՀ դիվանագիտական համակարգը նշում է մասնագիտական տոնը՝ ՀՀ դիվանագետի օրը:
32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ ունենալով ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, ՀՀ անդամակցության օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում:
Հայաստանի Հանրապետությունն անցել և շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած են մեծագույն մարտահրավերներ, որոնց խորը գիտակցումն ու արժանապատիվ հաղթահարումը պահանջում է գերմարդկային ջանքերի գործադրում և անձնուրաց ծառայություն: Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով:
Մեր ճանապարհին եղել են էական հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ:
Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով:
Շնորհավորում եմ ԱԳՆ բոլոր դիվանագետներին՝ թե՛ ԱԳՆ կենտրոնական համակարգում, թե՛ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և մաղթում կայուն հաջողություններ մեր ընդհանուր առաքելության շարունակական կյանքի կոչման հարցում»: