ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից մեկը կլինի ՀՀ քաղաքացիությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։
Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։
Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։
Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։
Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։
Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։