Փողեր ծախսել են, բայց համերգը չի կայանում. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ նախորդ տարվա ամռան սկզբին շրջանառվեցին լուրեր, ապա հաստատվեց, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Հայաստանում։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ համերգի համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար՝ 2.3 միլիարդ դրամ։ Ավելի ուշ որոշվեց, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»:
Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ համերգը տեղի է ունենալու «հավանաբար հաջորդ տարի(2024)՝ մայիս-հունիս ամիսներին»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թանկ կարծիքով՝ եթե համերգը տեղի ունենա, պետք է բաց լինի բոլորի համար։
Ճի՛շտ է, «եթե տեղի ունենա»։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԳՄՍ-ից ճշտել՝ ինչ առաջընթաց կա համերգի կազմակերպման վերաբերյալ, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ հարցի հասցեատերը կառավարությունն է։
Կառավարությունն էլ իր հերթին ուղղորդեց ԿԳՄՍՆ, ապա խնդրեցին հարցում ուղարկել, իրենք կվերահասցեավորեն։
Ինչեւէ, հետաքրքիր հատվածը պատասխանն է, որում հարցին, թե ինչ գործընթացներ են եղել 2024 թվականի ընթացքում Սնուփ Դոգի համերգը կայացնելու վերաբերյալ, պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության եւ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջեւ 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքվել է պայմանագիր, իսկ ս.թ. փետրվարի 19-ին՝ N1 հրամանագիր, ըստ որի՝ համաշխարհային աստղ Սնուպ Դոգի համերգը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականին»։
Բանն այն է՝ նախարարությունը կնքել է հրամանագիր, որը, ըստ ամենայնի, ոչ մի պահանջ եւ հրաման չի ենթադրում։ Ավելին՝ նախարարի հայտարարությունը, թե համերգը նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրական լինելու դեպքում այժմ գոնե ինչ-որ գործընթացներ կլինեին։
Նախարարի նշած ժամկետին մնացել է 2-3 ամիս, սակայն դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա։
Կառավարությանը խնդրեցինք պատասխանել նաեւ՝ վերջիվերջո ով է համերգի պատասխանատուն եւ մեր հարցերի հասցեատերը, որին ի պատասխան ստացանք հետևյալը. ««Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման պատասխանատու մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման»։
Մեր հարցից հետո նախարարությունը եւս տեղեկացավ, որ պարտավորություններ ունի, սակայն մյուսների պես այն պատշաճ չի իրականացնում, իսկ Սնուփ Դոգի համերգը կարծես դարձել է կոկորդի ոսկոր, որը այդպես էլ կուլ չի գնում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: