Հայաստանն ու Իրաքը քննարկել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն ակտիվացնելու հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնելու հարցը, որի հիմնական առաջադրանքը կլինի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի ակտիվացումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։
«Հայաստանի և Իրաքի տնտեսության կառուցվածքները շատ մոտ են, ինչն ազդակ է համագործակցության և համատեղ աշխատանքի համար»,- նկատեց Իրաքի նախագահը։
Նա ընդգծեց Հայաստանի և Իրաքի հարաբերությունների բարեկամական բնույթը՝ նշելով, որ դա ամուր հիմք է փոխըմբռնման և փոխգործակցության զարգացման համար։
«Ես ընդգծել եմ երկու երկրների բարեկամական հարաբերությունները և սերտ կապերը՝ տարբեր ոլորտներում։ Այս գործոնները մղում են համատեղ աշխատանքի, որն ամուր հիմք կլինի փոխըմբռնման և հարաբերությունների զարգացման համար, ինչն էլ իր հերթին կծառայի երկու ժողովուրդների շահերին և կամրապնդի բարեկամությունը»,- ֊ասաց Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։
Իրաքի նախագահը նաև հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից կվերացվի վիզային ռեժիմը իրաքցիների համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։