Ներքին Հանդում վերջին ադրբեջանական սադրանքը քննարկումների առումով տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին ադրբեջանական սադրանքը քննարկումների առումով աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ:
Նախ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՌԴ-ն, ի տարբերություն ԵՄ դիտորդների, մուտք ունի Ներքին Հանդի հատված և չի կարողացել կանխել միջադեպը, որին արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ով ասել է, որ «ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում»:
ՌԴ դեսպանը ՀՀ իշխանությունների մեկնաբանությունը միակողմանի և անազնիվ է համարում:
Հայաստանի իշխանությունն առաջին իսկ օրվանից, Ռազմական ոստիկանության հաղորդագրությամբ, ապա Փաշինյանի մակարդակով, ըստ էության, իր վրա վերցրեց ողբերգական միջադեպի բռնկման մեղավորությունը, լեգիտիմացրեց ադրբեջանական հարվածները, որոնց հետևանքով 4 դիրքապահ զոհվեց, որևէ բան չարեց միջադեպերի` հետագայում կանխման համար, իսկ հիմա պատասխանատվությունն այլոց դաշտ հրելու ճանապարհ է ընտրել:
Հայ-ռուսական` թղթերի վրա մնացած դաշնակցային հարաբերությունների հարցը, մնում է օդում կախված, սա ակնհայտ երևում է և դրա մասին խոսում են և´ ՌԴ-ում, և´ ՀՀ-ում:
Մեծ թվով հարցերի համատեքստում պարզ էլ չէ, թե այս կամ իրավիճակում կողմերը ինչ պայմանավորվածություն ունեն և դրանց մասով կուլիսներում ինչ քննարկումներ են գնում, բայց փաստ է` երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Մի շարք դեպքերում ինքս էլ ակնկալիք ունեցել եմ, որ ՌԴ-ն այս կամ այն իրավիճակում առավել գործուն դեր կստանձնի, սակայն երբ թեման դիտարկում ես ՀՀ-ից հնչող հայտարարությունների համատեքստում, պատկերը օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով առավել հստակ է դառնում:
Համենայդեպս Ներքին Հանդի միջադեպում, եթե նույնիսկ ՌԴ-ն պատասխանատվության մաս ունի, ապա դա նվազագույն չափով է և անհամեմատելի այն ռազմական, դիվանագիտական, քարոզչական վարքագծի, որը դրսևորում է Հայաստանի իշխանությունը, իսկ Ադրբեջանի` որպես ագրեսորի քաղաքականության մասին, նույնիսկ չեմ էլ խոսի, որովհետև բոլոր առումներով մրցակցությունից դուրս է և նրա բոլոր քայլերն ուղղված են իրադրային լարվածության հրահրմանը»։