ՔՊ-ում լուրջ խմորումներ են սպասվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում լուրջ խմորումներ են սպասվում։ Փաշինյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, զգուշացրել է կուսակիցներին, որ պատրաստվում է լայնածավալ հակառուսական քաղաքականություն վարել և այդ նպատակով ցանկանում է ստանալ խմբակցության բոլոր անդամների աջակցությունը, իսկ որևէ անհուսալի և կասկածելի մեկին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ անպայման քրեական գործեր են հարուցվելու և մեկուսացնելու են քաղաքականությունից։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անձամբ Ազգային ժողովի երկու փոխնախագահները՝ խմբակցության քարտուղարի և ղեկավարի հետ միասին, առանձին զրույցներ են ունենում պատգամավորների հետ։ Ճշտում են վերջիններիս տրամադրվածությունը, քաղաքական հիմնական ուղղվածությունը, Ռուսաստանի և ռուսական ազդեցության տակ գտնվող անձանց հետ շփումներն ու կապերրը և հուսալիների և անհուսալիների ցանկ են կազմում, ընդ որում բացառությամբ մեկ-երկու հոգուց մնացած մասի վերաբերյալ Փաշինյանն արդեն բավական դրական տպավորություններ ունի և վստահ է, որ ֆորս մաժորային իրավիճակում այդ անձինք իրեն չեն գցելու։
Մի քանի պատգամավորներ էլ հավաստիացրել են, թե անսահման և անվերապահ նվիրված են Նիկոլ Փաշինյանին և որևէ կերպ կենտրոնախույզ ձգտումներով հանդես չեն գա, սակայն ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ այդ մարդկանց հավաստիացումներն այնքան էլ հավատարժան չեն, ավելին, Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հենց այս հանգամանքով էլ պայմանավորված են։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորների մեջ մի քանի կողմնակիցներ է իր կողմը ներգրավվել և փորձել է սեպարատ մտնել Մոսկվայի հետ, և այժմ փորձում է ամբողջությամբ զրկել նրանց ազդեցության լծակներից և հեռացնել՝ փոխարենը բերելով նոր պատգամավորների խորհրդարան, որպեսզի իր խմբակցության ամբողջականությունը չխաթարվի։
Աննա Բարսեղյան