Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ դատարանը տնային կալանք ընտրեց որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով։
Այդ ժամանակահատվածում մեղադրյալին կարգելվի իր փաստացի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող իր բնակարանում, հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները, բացառությամբ շտապօգնության, իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակներում Փրկարար ծառայության կանչերը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում: Կարգելվեն էլեկտրոնային նամակագրությունները, հաղորդագրության այլ ձևերից օգտվելը:
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը հայտնեց՝ կարծում է, որ կբողոքարկեն որոշումը:
Հիշեցնենք, որ Քերոբյանը էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ է ներգրավվել։ Նա հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։
Հիշեցնենք նաև, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։
Քերոբյանն իր վերջին ճեպազրույցներից մեկում բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։
Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։
Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։
Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։