Հայաստանի և Ադրբեջանի միջև հեռավար բանակցությունները վաղուց փակուղում են. Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի միջև հեռավար բանակցությունները վաղուց փակուղում են։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա պարզաբանեց, որ խաղաղության պայմանագրի նախագծում կոնկրետ կետեր չկան սահմանի, քարտեզների, Հայաստանի տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման կամ գերիների վերադարձի պայմանների վերաբերյալ։
Նրա գնահատմամբ՝ սա խոսում է այն մասին, որ հայտարարված խաղաղության օրակարգը կեղծ է։
Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները չեն վկայում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության նրա պատրաստակամության մասին։
«Ամբողջ 30 տարին հենց Ադրբեջանն էր ագրեսիվ դիրքերից հանդես գալիս՝ պատերազմով պատասխանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման ցանկությանը։ Հենց Ադրբեջանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով է ստեղծվել Արցախի պաշտպանության բանակը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ հանցավոր գործողությունների արդյունքում Ադրբեջանը 2023 թվականին էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում։
«Բաքուն մշտապես ցանկանում է իր կամքը թելադրել Հայաստանի իշխանություններին։ Վերջիններս, եզրակացություններ անելու փոխարեն, հանդես են գալիս որպես Ադրբեջանի փաստաբաններ»,- նշեց խմբակցության ղեկավարը։