Արցախը հետ բերելու համար նախևառաջ պիտի հետ բերենք ինքներս մեզ․ Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է քաղաքացիների հարցերին (աղբյուր՝ Aravot.am) ։
Սվետա Մանուկյանը հարցրել է. «Ալիևը Ստեփանակերտում ընտրեց ինքն իրեն: Մենք ո՞նց ենք Արցախը հետ բերելու»:
«Արցախը հետ բերելու համար նախևառաջ մենք պիտի հետ բերենք ինքներս մեզ: Մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանի՝ մոտ 250 քառակուսի կմ-ը, 5 000 մարդ, որովհետև կորցրել ենք ինքներս մեզ, մեր արժանապատվությունը, մեր խիղճը, մեր հավատը, մեր բարոյականությունը, մեր եսը: Եթե այդ ամենը չվերականգնենք, ապա ոչ միայն ոչինչ հետ չենք բերելու, այլև թույլ ենք տալու, որ Ալիևը 7 տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում, կամ Վայքում:
Ալիևը ոչ միայն ինքն իրեն է ընտրել, այլև Նիկոլին է պաշտպանում՝ որպես Հայաստանի ղեկավարի:
Ի դեպ, չեմ զարմանա, որ Նիկոլը շնորհավորի Ալիևին կամ նրա երդմնակալության, կամ Ադրբեջանի կողմից ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Նարեկ Մարգարյանը ՀՀԿ փոխնախագահին հարցրել է. «Ալիևը հայտարարում է, որ Նիկոլը խաղաղության ոչ մի նպատակ չունի: Ի՞նչ է մեզ հետ լինելու»:
«Մեզ հետ տեղի է ունենում այն, ինչ անում են թասիբը և նամուսը կորցրած ազգերի հետ: Կրկնվեմ: Պարտվելը ամոթ չէր: Ամոթը պարտության պատճառին վարչապետ կոչելն է: Ուստի մեզ հետ վարվում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տվել՝ լինի Ալիևը, էրդողանը, Բրյուսելը, Մոսկվան թե Վաշինգտոնը:
Ամերիկայի նախկին պետքարտուղար Քիսենջերը ասում էր, որ պետության ղեկավարի կերպարը այդ պետության հզորության և ուժի կարևոր գործոններից է: Դե, հիմա այս հիմնարար ձևակերպումը պրոյեկտեք Հայաստանը ներկայացնող անձի վրա: Վստահ եմ՝ շատերիդ մոտ դառը քմծիծաղ առաջացավ:
Ասա՝ ով է վարչապետդ՝ ասեմ՝ ով ես դու: Սա է մեր ազգի ճակատին այս պահին դաջված խարանը: Հայ ազգի բուժումը անհնար է առանց Նիկոլի հեռացման: Նա նման է միզապարկի մեծ քարի, որն ինքնուրույն չի ընկնում: Կամ պետք է մանրացնել, որ թափվի, կամ միանգամից հեռացնել՝ ամբողջությամբ»: